Հիմա կրթական համակարգում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք էլ պատճառ են հանդիսանում, որ շատերը չեն ուզում սովորել կամ, առհասարակ, գնալ դպրոց կամ այլ ուսումնական հաստատություն։ Կրթական ոլորտում հիմնովին տեղ են գտել կոռուպցիան, կրթության բովանդակության խեղաթյուրումը, անբարեխիղճ կառավարումը, հավասար ու որակյալ կրթության անհասանելիությունը, ռեսուրսների անարդյունավետ բաշխումը, որակյալ կադրերի բացակայությունը և արտահոսքը ոլորտից, ցածր աշխատավարձերը, կրթության ոլորտի աշխատակիցների ոչ հստակ կարգավիճակը, օրենսդրական դաշտի ոչ բավարար կարգավորումները և մի շարք այլ խնդիրներ: Տարածված փաստ է, որ դպրոցները կրթություն ստանալու և բազային գիտելիք ունենալու լավագույն տարբերակն է։ Բայց արդյո՞ք ամեն ինչ այդպես հեշտ է, և արդյո՞ք երեխաները հաճույքով են հաճախում այդ դասերին։ Եթե հարցնենք երեխաներին, ապա նրանց մեծամասնությունը կասի, որ ստիպողաբար են հաճախում դպրոց և ամեն շաբաթվա սկզբին սպասում են, թե երբ է վերջապես գալու շաբաթ-կիրակին։ Դրա պատճառն ուսուցիչներն են և նրանց ցուցաբերած վերաբերմունքը։ Ուսուցիչները, հաշվի չառնելով դեռահասների խոցելիությունը, վիրավորում են նրանց, անպատվում, և շատ հաճախ այդ ամենը անում ամբողջ դասարանի ներկայությամբ։
Ուսուցիչը երբեմն այնքան տնայիններ է հանձնարարում, որ սովորողը չի հասցնում դրանք կատարել մեկ օրվա ընթացքում, քանի որ ունի նաև այլ հանձնարարություններ այլ առարկաներից։ Իսկ ուսուցիչները նման արդարացումները չեն ընդունում և իրենց բարկությունը արտահայտում են գոռոցներով ուղղորդվող վիրավորանքներով։
Այլ տեսանելի խնդիրներից է համարվում ոչ անաչառ գնահատումը, որը երբեմն ուսումնառուների միջև ստեղծում է ոչ առողջ մրցակցություն և ստեղծում թշնամական մթնոլորտ համադասարանցիների միջև։ Հիմնականում գնահատման մեթոդը ուսուցիչների կողմից օգտագործվում է որպես սովորողին ուղղման միջոց՝ ցածր գնահատելով «մոտիվացնում», բայց ստացվում է հակառակ երևույթը, ուսումնառուն կորցնում է սովորելու նկատմամբ իր տենչանքը։
Ինչ տարիքում էլ որ ուսումնառուն գտնվի, նրա հետ պետք է խոսել զգույշ, հատկապես դեռահասների հետ հաղորդակցվելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել արված արտահայտություններին։ Խոսքի ոչ ճիշտ ընտրությունը մեծ բացթողում է ուսուցիչների մոտ, նրանք կարող են երեխային վիրավորել ամեն պահի՝ հաշվի չառնելով տեղն ու ժամանակը։ Իսկ հետևանքների մասին բացարձակ անտարբերությունը բերում է բազմաթիվ խնդիրների առաջացման։ Օրինակ, երբ ուսուցիչը երեխայի վրա բարկանում է և բոլորի մոտ երեխային նախատում, դա կարող է բացասաբար ազդել տվյալ երեխայի և իր համադասարանցիների հարաբերությունների վրա։ Այդ ամենը կարող է երեխային դարձնել ծաղրի առարկա։ Իսկ առավել անընդունելին ծեծն է։ Շատ օրինակներ կան, բայց ձեր դատին կհանձնենք առավել ակնառուն։
Միջին օղակում ուսումնական տարվա ավարտին, երբ աշակերտները պետք է հանձնեին իրենց գրքերը, աշակերտներից մեկի գիրքը վնասվել էր։ Երբ ուսուցիչը դա տեսավ, սկսեց գոռգոռալ նրա վրա, իսկ հետո սկսեց հարվածել ամբողջ դասարանի ներկայությամբ։ Իսկ այդ ընթացքում աշակերտը փորձում էր բացատրել, որ փոքր եղբայրն է արել և որպես փոխհատուցում նրանք նոր գիրք կգնեն և կհանձնեն։ Ի պատասխան դրա՝ ուսուցիչը գիրքը շպրտեց նրա վրա և պահանջեց նորը։ Այդ աշակերտը որոշ ժամանակ չէր հաղորդակցվում իր համադասարանցիների հետ, չէր հաճախում դասերի, իրեն դատապարտել էր միայնության։ Ու երբ սկսեց արտահայտվել, ասաց, որ ամաչում էր ուսուցչի նմանատիպ վարմունքից հետո հաղորդակցվել:
Դեռահասության շրջանում երեխաները կարիք ունեն ինքնահաստատվելու, իրենց «ես»-ը գտնելու և այս գործում շատ մեծ է ուսուցչի դերը։ Նրանք պարտավոր են հաշվի առնել երեխաների հոգեբանական առանձնահատկությունները, քանի որ դրանք նշանակալի դեր ունեն երեխայի կյանքում։
Հաջորդ խնդիրներից մեկը համեմատությունն է։ Դասավանդողը սկսում է համեմատել սովորողին նրա ազգականների հետ կամ օրինակ բերել այլ սովորողների։ Հիմնականում համեմատություններ են դնում քրոջ կամ եղբոր հետ: Օրինակ`«քո քույրը կամ եղբայրը լավ է սովորում», իսկ երբ փորձում են աշակերտները ասել, որ անհատներ են ու պարտավոր չեն նմանվել ուրիշներին, դասավանդողի պատասխանը հետևյալն է․ «Դուք անուղղելի եք»։ Իսկ երբ աշակերտը չի համաձայնում և չի կիսում ուսուցչի կարծիքը, ի պատասխան դրան ուսուցիչները սկսում են անձնական բնույթի նախատինքներ հասցնել աշակերտին։
Հայաստանի կրթական համակարգում առկա խնդիրներից է նաև կոմպլեկտավորումը, որը միացյալ դասարաններով դասն անցկացնելն է։ Հայաստանյան մի շարք բնակավայրերում առկա է այս խնդիրը երեխաների թվաքանակի պակասի պատճառով։ Կառավարության որոշմամբ ձևավորվել են միացյալ դասարաններ, քանի որ պետությունը այդքան ֆինանսավորում չի կարող տրամադրել և ուսուցիչներին վարձատրել։ Սակայն ինչով են մեղավոր այն երեխաները, ովքեր ուզում են ստանալ լիարժեք և բավարար կրթություն։ Սահմանված 45 րոպեն ուսուցիչը տրամադրում է երկու կամ երեք դասարանների։ Ավելին, կրթական ծրագիրը շատ խրթին է և շատ քիչ ժամեր են հատկացվում որևէ նյութի ուսուցմանը։ Սա շատ լուրջ խնդիր է, որին պետք է շուտափույթ լուծում տրվի։ Որակյալ կրթություն ստանալը յուրաքանչյուրիս իրավունքն է և դա պետք է ապահովի պետությունը։ Միացյալ դասարաններով դաս անցկացնելը ոտնահարում է երեխաների սովորելու իրավունքները, քանի որ ոչ մի աշակերտ մեղավոր չէ, որ տվյալ ուստարում դիմորդների քանակը քիչ է։
Կրթական հաստատություններում կարևորագույն հիմնախնդիրներից է հանդիսանում կրթական համակարգի քաղաքականացվածությունը, մասնավորապես գերընդգրկվածությունը ընտրական գործընթացներում, դպրոցի տարածքի և անձնակազմի վարկաբեկումը՝ ընտրակեղծարարության կիզակենտրոն դարձնելով։
Կրթական հաստատություններում պետք է հստակ սահմանել քաղաքական, կուսակցական կամ կրոնական քարոզչության, երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքի, խտրականության կամ բռնության, գնահատականների միջոցով ծնողների և/կամ աշակերտների նկատմամբ ճնշումների գործադրման, անօրինական դրամահավաքների կանխարգելման մեխանիզմները: Բացառել քաղաքական կամ կրոնական քարոզի որևէ միջոց հանրակրթական ուսումնական հաստատություններում:
Ուսուցիչների ցածր մոտիվացիան, ուսուցչի նոր տեսակի անհրաժեշտությունը, կրթական միջավայրը, դասվանդման մեթոդները, հանրակրթության առջև դրված պահանջները/ակնկալիքները, նոր պահանջների սահմանման անհրաժեշտությունը, գիտելիքի տալու փոխարեն սովորել սովորեցնելու անհրաժեշտությունը շատ կարևոր նախադրյալներից է, որի վրա հենվելով կարող ենք կառուցել ամուր և որակյալ լրթական համակարգ։
Աշխարհն այժմ կանգնած է կրթական ծանր ճգնաժամի առաջ։ Մինչ երկրները զգալիորեն մեծացրել են կրթության հասանելիությունը, ուսհաստատություններում լինելը դեռ սովորել չի նշանակում։ Աշխարհի շատ երկրներում միլիոնավոր երեխաներ հասնում են հասուն տարիքի առանց հնարավորություն ունենալու սովորելու, ուսհաստատություններ հաճախելու, բայց ցանկության։ Իսկ ՀՀ կրթությունն անվճար է և բոլորի համար, ուստի կառավարությունը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի ամուր և որակյալ կրթություն ստեղծելու համար, որի հիման վրա էլ կձևավորվի կիրթ հասարակություն և ուժեղ պետություն։
Նյութը պատրաստեցին՝
Մարինե Կիրեղյան Մենթոր
— Անահիտ Սուքիասյան ԺԵԴ դպրոցի սան
— Ռուզաննա Հակոբյան ԺԵԴ դպրոցի սան
— Լյովա Պողոսյան ԺԵԴ դպրոցի սան
— Լուսինե Հարթենյան ԺԵԴ դպրոցի սան
— Նազելի Թովմասյան ԺԵԴ դպրոցի սան
— Ջուլիետա Պետրոսյան ԺԵԴ դպրոցի սան
— Ստեփան Ժամակոչյան ԺԵԴ դպրոցի սան
More Stories
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում
ՀՀ բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը որպես պետության զարգացման հիմնական գործոն