Ներածություն
Ժամանակակից բարձրագույն ուսումնական հաստատությունների կարգավիճակը սահմանող անդրանիկ փաստաթղթերից մեկը Magna Charta Universitatum-ն է, որն ընդունվել է 1988թ․-ի սեպտեմբերի 18-ին։ Փաստաթղթի հենց առաջին իսկ կետում նշված է, որ գալիք հազարամյակում մարդկության ապագան մեծապես կախված է մշակութային, գիտության և տեխնիկայի զարգացումից, իսկ համալսարանները հենց այն կենտրոններն են, որտեղ կերտվում է այդ ապագան։ Այլ կերպ ասած, եթե չկան համալսարաններ, ապա չկա ոչ միայն գիտելիք և տեխնիկական զարգացում, այլև մշակույթ։
Դիցուք հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունները միջազգային հեղինակավոր վարկանիշներում հեռու են առաջատար դիրքերից։ Պատճառները բազմաթիվ են․ բուհերի ֆինանսական հնարավորություններից մինչև ենթակառուցվածքների վատ վիճակ և երիտասարդ մասնագետների պակաս։ Միևնույն ժամանակ, հայաստանյան բուհերի «առյուծի բաժինը» մայրաքաղաքում է կենտրոնացված և հենց վերջիններիս վրա էլ բևեռված է ոլորտի պատասխանատուների և բուհերին հատկացվող ֆինանսավորման մեծ մասը։ Մինչդեռ հասարակության աչքից և, մասնավորապես ոլորտ պատասխանատուների աչքից հաճախ վրիպում են մարզային բուհերը և այնտեղ առկա իրողությունները։ Այդ բացը փոքր-ինչ լրացնելու փորձ է արվել սույն հետազոտությամբ։
Սույն հետազոտությունը հայաստանյան խոշորագույն մարզային բուհերից մեկում՝ ՇՊՀ-ում առկա իրողությունների լուսաբանումն ու վերլուծությունն է բուհի գլխավոր շահառուների՝ ուսանողների ընկալմամբ։ Մասնավորապես, փորձ է կատարվել քանակական և որակական մեթոդների համադրությամբ հասկանալ ՇՊՀ ուսանողների կարծիքը իրենց հարազատ բուհի, բուհի ուսումնագիտական գործունեության և առանձին ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ տեղեկացվածության և գործունեության արդյունավետության վերաբերյալ։ Այդ նպատակով ՇՊՀ ուսանողների շրջանում հարցումներ են արվել, իսկ հարցման արդյունքների հիման վրա՝ խորքային հարցազրույցներ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ։ Արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ հարցված ուսանողները, որոշ վերապահումներով գոհ են իրենց բուհից՝ մասնավորապես իրենց ֆակուլտետների գործունեությունից, կրթության որակից և ուսանողական խորհրդի գործունեությունից։ Սակայն, ուսանողները որոշակի վերապահումներ ունեն բուհի ենթակառուցվածքների և, հատկապես, լսարանների կահավորվածության և հագեցվածության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, ուսանողները մեծամասամբ հետաքրքրված չեն բուհի առանձին ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ, ուստի օրինաչափ է, որ հիմնականում պատասխանել են, որ առանձին ստորաբաժանումների գործունեությունից կամ տեղեկացված չեն, կամ էլ որոշ չափով են տեղեկացված։
Հետազոտության արդյունքների հիման վրա ներկայացվել են մի շարք առաջարկություններ։
Մեթոդաբանություն և ընտրանքի որոշում
Հետազոտությունն ինքնին իրավիճակային վերլուծություն է (case study): Այն հիմնված է ինչպես քանակական, այնպես էլ որակական մեթոդների վրա: Իրենց կրթօջախի վերաբերյալ ՇՊՀ ուսանողների վերաբերմունքն ու ընկալումները փորձել ենք պարզել հարցման միջոցով։ Հարցաշարը ներառում է ինչպես բաց, այնպես էլ փակ Լայքերթ (Likert scale) և Գատման (Guttman scale) սանդղակների հարցեր։ Հարցման արդյունքների հիման վրա կազմվել է դասախոսների հետ խորքային հարցազրույցների հարցաշարը, որի նպատակն է պարզել ՇՊՀ ուսանողների ընկալումների վերաբերյալ պրոֆեսորադասախոսական անձնակազմի տեսակետներն ու մեկնաբանությունները, ինչպես նաև համադրել ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ընկալումները ՇՊՀ-ում առկա իրողությունների վերաբերյալ։ Մասնավորապես, առցանց խորքային հարցազրույցներ են անցկացվել բուհի 4 տարբեր ֆակուլտետների (բնագիտամաթեմատիկական՝ 1, Հումանիտար գիտությունների և արվեստի՝ 2, Մանկավարժության՝ 2 և Սոցիալական գիտությունների և իրավունքի՝ 3) պրոֆեսորադասախոսական անձնակազմի 8 ներկայացուցիչների հետ։
Ինչպես արդեն նշեցինք պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ անցկացված խորքային հարցազրույցների արդյունքները բխում են ուսանողների շրջանում անցկացված հարցման արդյունքներից, հետևաբար հարցազրույցները և հարցումները չէին կարող զուգահեռ անցկացվել։ Միևնույն ժամանակ, հետազոտությունը չէր կարող ունենալ հետազոտական-հաջորդական խառը կառուցվածք (exploratory sequential research design), երբ որակական տվյալների հավաքմանը հաջորդում է քանակական տվյալների հավաքումն ու վերլուծությունը։ Այդ իսկ պատճառով հետազոտությունն ունի խառը կառուցվածք, իսկ ավելի կոնկրետ՝ տրանսֆորմատիվ հաջորդական կառուցվածք (transformative/explanatory-sequential research design)։ Հետազոտական կառուցվածքը առավել պատկերավոր նկարագրված է գծապատկեր 1-ում։
Գծապատկեր 1․ Հետազոտության կառուցվածքը
Ըստ ՇՊՀ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի 2019-2020 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությանը համալսարանը ունի 2344 ուսանող։ Ընտրանքի հաշվարկը խարսխվում է նշյալ թվի վրա։ Մասնավորապես, 95% վստահության մակարդակով (confidence level) և 5% վստահության միջակայքով (confidence interval) հարցում անելու համար անհրաժեշտ է 330 հարցաթերթիկ։ Հասարակական և հումանիտար գիտություններում հետազոտողները հաճախ հենց նշյալ մակարդակն ու միջակայքն են որպես հիմք ընդունում։ Եթե հարցման մասնակիցների ենթադրենք 10 տոկոսը նշել է, որ ունի ասպիրանտական կրթություն, ապա 95% վստահության մակարդակը և 5% վստահության միջավայրը հիմք ընդունելով կարելի է փաստել, որ եթե հարցումը իրականացվեր բոլոր 2344 ուսանողների շրջանում, ապա 95% հավանականությամբ հարցվածների 5-15%-ը ասպիրանտուրայի ուսանողներ կլինեին։ Միաժամանակ նշենք, որ հարցումն իրականացնելիս ձգտել ենք լինել ներառական՝ ընդգրկելով տարբեր ֆակուլտետներում և կուրսերում սովորող ինչպես արական, այնպես էլ՝ իգական սեռի ուսանողների։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» Հիմնադրամ հաշվետվություն Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի 2019-2020 թթ․ ուստարվա գործունեության http://shsu.am/media/quality/vorak-hashvetvutyun-2019-2020.pdf
Ընտրանքի հաշվարկման մանրամասների համար տե՛ս https://www.surveysystem.com/sscalc.htm?fbclid=IwAR3SnIg8_Mjp_tnunF4jx8y5AJjfJiwIGaz5vzKF45bxk46n2z5kZLvVqXU
Հարցման արդյունքների վերլուծություն
Նախ` ներկայացնենք հարցման մասնակից ՇՊՀ ուսանողների վերաբերյալ ընդհանրական բնույթի տեղեկություններ։ Եվ այսպես, հարցման մասնակից ՇՊՀ ուսանողներից 37%-ը եղել է արական սեռի ներկայացուցիչ, 63%-ը՝ իգական։ Հարցման մասնակիցների 78%-ը սովորում են առկա կրթաձևում, իսկ 22%-ը՝ հեռակա։ Հարցման մասնակիցների 77%-ը բակալավրիատի ուսանողներ են, 20%-ը՝ մագիստրատուրայի և 3%-ը՝ ասպիրանտուրայի։ Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների ցածր տեսակարար կշիռը պայմանավորված է կրթական նշյալ աստիճաններում ուսանողների ցածր թվով։ Հարցմանը մասնակից ուսանողների բաշխվածությունը ըստ ՇՊՀ ֆակուլտետների ներկայացված է ստորև զետեղված աղյուսակում։
Ինչպես երևում է աղյուսակ 1-ից ՇՊՀ ուսանողները ՇՊՀ երեք հիմնական ֆակուլտետներից հարցմանը մասնակիցների թիվը համադրելի է, իսկ ռազմական ամբիոնից հարցմանը մասնակցել է ընդամենը մեկ ուսանող։ Պատճառը ամբիոնում սովորող ուսանողների թիվն է, որն ավելի քիչ է, քան ՇՊՀ այլ ֆակուլտետներում։
Ստորև ներկայացնենք, թե բուհ ընդունվելիս ո՞ր գործոններին են առավել մեծ կարևորություն տվել ՇՊՀ ուսանողները։
Աղյուսակ 2․ Խնդրում ենք նշել, թե որքանով էին կարևոր նշյալ գործոնները Ձեզ համար ՇՊՀ-ն ընտրելիս։
Վերլուծենք գործոնները, ըստ կարևորության։ Աղյուսակ 1-ից երևում է, որ հարցմանը մասնակցած ուսանողների համար ՇՊՀ-ն ընտրելիս կարևորագույն գործոնը եղել է կրթության որակը։ Այն շատ կարևոր է եղել հարցման մասնակիցների 75%-ի համար և բավականաչափ կարևոր՝ 14%-ի համար։ Ցավալի է, սակայն, որ հարցվածների շուրջ 8%-ը բուհ ընդունվելիս չի կարևորել կրթության որակը, իսկ մոտ 7%-ը այն որոշ չափով է կարևորել։ Ըստ կարևորության կրթության որակին հաջորդող գործոններն են եղել բուհի հեղինակությունը, ֆակուլտետը, վերջինիս կողմից առաջարկվող կրթական ծրագրի բովանդակությունն ու առանձնահատկությունները, բուհի հեղինակությունը և վարձավճարի չափը։ Մասնավորապես, մասնակիցների ավելի քան 75%-ի համար («շատ կարևոր էր» և «բավականաչափ կարևոր էր» պատասխանների տեսակարար կշիռների հանրագումարը) բուհն ընտրելիս կարևոր է եղել ֆակուլտետի դերը, իսկ ավելի քան 80%-ի համար՝ Ֆակուլտետի/մասնագիտության կողմից առաջարկվող կրթական ծրագրի բովանդակությունն ու առանձնահատկությունները։ Ընդգծենք, որ ֆակուլտետը և վերջինիս կողմից առաջարկվող կրթական ծրագրերը առավել կարևորել են բնագիտամաթեմատիկական և սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի ուսանողները։ Հատկանշական է, որ առավել կարևոր գործոնների շարքում վարձավճարի չափը իններորդ տեղում է՝ հաջորդելով կրթության որակին, ֆակուլտետին և վերջինիս կողմից առաջարկվող կրթական ծրագրերին, բուհի հեղինակությանը, բուհի միջազգային համագործակցության շրջանակներում ուսանողներին ընձեռնվող հնարավորություններին, գործատուների շրջանում բուհի ունեցած հեղինակությանը, բուհի շրջանավարտների՝ կարիերայում գրանցած հաջողություններին և բուհի գիտահետազոտական աշխատանքներում ուսանողների մասնակցության հնարավորությանը։ Սա ցույց է տալիս, որ ՇՊՀ ուսանողների համար իրենց ապագա կրթօջախի հարցում ընտրություն կատարելիս առավել մեծ նշանակություն են ունեցել կրթական և հետո միայն ֆինանսական գործոններին։ Միևնույն ժամանակ, հետաքրքրական է, որ ՇՊՀ ուսանողները բուհ ընդունվելիս բուհի գիտահետազոտական աշխատանքներում ուսանողների մասնակցության հնարավորությունը կարևորել են գրեթե այնքան, որքան գործատուների շրջանում բուհի ունեցած հեղինակությունը։ Աղյուսակից նաև պարզ է դառնում, որ գործատուների շրջանում բուհի ունեցած հեղինակության և միջազգային համագործակցության շրջանակներում ուսանողներին ընձեռնվող հնարավորությունների գրեթե հավասարազոր կարևորություն են ունեցել հարցված ուսանողների համար։ Ընդգծենք, սակայն, միջազգային համագործակցության շրջանակներում ուսանողներին ընձեռնվող հնարավորությունները, ինչպես նաև բուհի հեղինակությունը բուհի ընտրության հարցում կարևոր չի եղել ՇՊՀ հարցված ուսանողների միայն 4․9%-ի համար, ինչն, այլ գործոնների համեմատ, լավագույն ցուցանիշն է։ Կարևորությամբ հաջորդ գործոնը Բուհի շրջանավարտների՝ կարիերայում գրանցած հաջողություններն են։ Այն կարևորել է հարցման մասնակիցների շուրջ 70% -ը։ Նշյալ գործոնները պայմանականորեն կարող ենք անվանել առաջնային կարևորություն ունեցող գործոններ։
Առաջնային կարևորություն ունեցող գործոնների մեջ չի մտնում բնակավայրից աշխարհագրական հեռավորությունը, ինչը հատկանշական է հատկապես ՇՊՀ-ի պարագայում, որը ՀՀ մարզային բուհերից մեկն է։ Ավելին, մասնակիցների ավելի քան 12%-ը նշել է, որ աշխարհագրական հեռավորությունը կարևոր չի եղել։ Այս ցուցանիշը ավելի է առաջնային նշանակություն ունեցող վերոգրյալ գործոններից յուրաքանչյուրի համեմատ Սույն փաստով, առնվազն ՇՊՀ-ի պարագայում, հերքվում է այն կարծրատիպային մոտեցումը, որ դիմորդները, որոնք հիմնականում՝ տվյալ մարզի բնակիչ են մարզային բուհերն ընտրում են այն պատճառով, որ վերջիններս առավել մոտ են իրենց բնակության վայրին։
Երկրորդային գործոններից ցանկանում ենք առանձնացնել բուհում անցկացվող ակադեմիական միջոցառումները և բուհում անցկացվող ժամանցային, մշակութային և սպորտային միջոցառումները։ Նկատենք, որ հարցված ուսանողները վերջինս ավելի են կարևորել, քան ակադեմիական միջոցառումները, բացառությամբ բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի ուսանողների, որոնց համար բուհում անցկացվող ակադեմիական միջոցառումները բուհի ընտրության հարցում ավելի մեծ նշանակություն են ունեցել, քան ժամանցային միջոցառումները։ Ինչ վերաբերում է ուսանողական խորհրդին և ուսանողական գիտական ընկերության ծավալած գործունեությանը, ապա բուհի ընտրության որոշում կայացնելիս հարցված ՇՊՀ ուսանողները նշյալ կառույցների գործունեությանը նվազ կարևորություն են տվել։ Եթե դիտարկենք համեմատության մեջ, ապա պետք է նշենք, որ ուսանողական խորհուրդը և ուսանողական գիտական ընկերությունը գրեթե հավասարազոր կարևորություն ունեցող գործոններ են եղել հարցված ուսանողների համար ապագա բուհի ընտրության հարցում որոշում կայացնելիս։
Այսպիսով, աղյուսակ 2-ից պարզ է դառնում, որ ՇՊՀ ուսանողների համար բուհի ընտրության հարցում, ըստ առաջնահերթության, կարևոր են եղել հետևյալ գործոնները՝ կրթության որակը, ֆակուլտետին և վերջինիս կողմից առաջարկվող կրթական ծրագրերը, բուհի հեղինակությունը, բուհի միջազգային համագործակցության շրջանակներում ուսանողներին ընձեռնվող հնարավորությունները, գործատուների շրջանում բուհի ունեցած հեղինակությունը, բուհի շրջանավարտների՝ կարիերայում գրանցած հաջողությունները, բուհի գիտահետազոտական աշխատանքներում ուսանողների մասնակցության հնարավորությունը, վարձավճարը, աշխարհագրական հեռավորությունը բնակավայրից, բուհում անցկացվող ժամանցային, մշակութային և սպորտային միջոցառումները, բուհում անցկացվող ակադեմիական միջոցառումները, ուսանողական գիտական ընկերությունը և վերջինիս ծավալած գործունեությունը, Ուսանողական խորհուրդը և վերջինիս ծավալած գործունեությունը, ավագ դպրոցը և քոլեջը։ Այժմ տեսնենք, թե ինչպիսի ընկալումներ ունեն ՇՊՀ-ի հարցված ուսանողները բուհում կրթության որակի, կառավարման հիմքում ընկած սկզբունքների, ինչպես նաև ուսանողներին հուզող խնդիրների վերաբերյալ։
Աղյուսակ 3․ Խնդրում ենք նշեք, թե որքանո՞վ եք համաձայն նշյալ պնդումներից յուրաքանչյուրի հետ։
Աղյուսակ 3-ից երևում է, որ հարցված ՇՊՀ ուսանողները առավել բավարարված են բուհի տված կրթության որակից, քան կառավարման թափանցիկությունից և հաշվետվողականությունից։ Մասնավորապես՝ հարցված ուսանողների մոտ կեսը կարծում է, որ ՇՊՀ-ն որակյալ կրթություն է տալիս և գոհ է կրթության որակից, սակայն 40%-ից քիչ է այն հարցված ուսանողների թիվը, որոնք գտնում են, որ բուհը կառավարվում է թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների հիման վրա։ Ընդհանուր առմամբ, պետք է նշենք որ աղյուսակ 3-ի պնդումներից մեծ մասին հարցված ուսանողների 30-40%-ը որոշ չափով է համաձայն։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ հարցված ուսանողների ընկալմամբ ֆակուլտետի ղեկավարությունը, իր իրավասությունների և պարտականությունների շրջանակներում, առավել պատրաստակամ է լուծել ուսանողներին հուզող խնդիրները, քան բուհի ղեկավարությունը։ Այսպիսի ընկալման պատճառ կարող է լինել այն, որ ֆակուլտետների ղեկավարությունը, լինելով կառավարման ավելի ցածր օղակ, առավել անմիջական և ինտենսիվ է շփվում ուսանողների հետ, քան բուհի ղեկավարությունը, ուստի վերջիններիս գործունեությունը ուսանողների համար առավել տեսանելի ու շոշափելի է։ Եթե չհաշվենք «որոշ չափով համաձայն եմ» տարբերակը, ապա մտահոգիչ է, որ հարցված ուսանողների կեսից քիչն է գտնում, որ բուհը բավարար ջանքեր և միջոցներ է ներդնում ենթակառուցվածքների պահպանման և զարգացման գործում և որ տարեցտարի բուհն ավելի ու ավելի լավն է դառնում։ Էլ ավելի մտահոգիչ է ուսանողների՝ բուհի կառավարմանը մասնակցության վերաբերյալ առկա ընկալումը։ Հարցվածների միայն մոտ 38%-ն է գտնում, որ ուսանողները ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով արդյունավետորեն մասնակցում են բուհի կառավարմանը, 34․5%-ը որոշ չափով է համաձայն նշյալ պնդման հետ, իսկ հարցվածների շուրջ 1/3-ի կարծիքով ուսանողները ուսանողները ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով արդյունավետորեն չեն մասնակցում բուհի կառավարմանը։ Հավելենք նաև, որ հարցված ուսանողների շուրջ 1/4-ը համաձայն չէ այն պնդման հետ, որ ՇՊՀ-ում, ժամանակի ընթացքում, դասավանդման մեթոդները առավել ժամանակակից են դառնում, 27․2%-ը որոշ չափով է համաձայն և 50%-ը չի գերազանցում հարցված ուսանողների թիվը, որոնց կարծիքով ՇՊՀ-ում դասավանդման մեթոդները առավել ժամանակակից են դառնում։
Աղյուսակ 4․ Խնդրում ենք նշել «Այո», եթե պնդման հետ համաձայն եք և «Ոչ» եթե համաձայն չեք։
Ինչպես երևում է աղյուսակ 4-ից ՇՊՀ հարցված ուսանողների մոտ 66%-ը ցանկանում է մասնակցություն ունենալ բուհի բարեփոխումների գործընթացում, սակայն ընդամենը 40%-ն է ցանկանում գործուն մասնակցություն ունենալ բուհի կառավարմանը։ Բուհի կառավարման կոլեգիալ մարմիններին, օրինակ՝ հոգաբարձուների խորհրդին, ՇՊՀ հարցված ուսանողների շուրջ 2/3-ը չի ցանկանում անդամակցել, ինչից կարելի է եզրակացնել, որ կառավարմանը մասնակցել ցանկացող հարցված ուսանողները յուրովի են ընկալել «կառավարում» բառը և հոգաբարձուների խորհրդին անդամակցելը չեն դիտարկել որպես գործուն մասնակցություն բուհի կառավարմանը։ Միևնույն ժամանակ, ուսանողական գիտական ընկերության կողմից իրականացվող աշխատանքներում ակտիվ մասնակցելու ցանկություն ունի հարցված ուսանողների միայն 45․8%-ը։
Եթե բուհի ակտիվ կառավարմանը մասնակցել ցանկացող ուսանողների հարցված ուսանողների տեսակարար կշիռը ցածր է, ապա էլ ավելի ցածր է բուհի և վերջինիս ստորաբաժանումների հաշվետվություններով հետաքրքրվող ՇՊՀ ուսանողների տեսակարար կշիռը։ Մասնավորապես, բուհի պարբերական հաշվետվությունները ուսումնասիրում է հարցվածների 23․5%-ը, իսկ ստորաբաժանումներինը՝ 14․2%-ը։
Այսպիսով, աղյուսակ 4-ից պարզ է դառնում, որ ՇՊՀ հարցված ուսանողները հակված չեն առավել գործուն մասնակցություն ունենալ ՇՊՀ կառավարմանը և էլ ավելի նվազ հետաքրքրվածություն ունեն իրենց «ձեռքը ՇՊՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների զարկերակի վրա» պահելու գործում։ Այդքանով հանդերձ, հարկ է նշել, որ հարցված ուսանողները դրական են ընկալում իրենց բուհն առհասարակ։ Այդ են վկայում հարցման արդյունքները։ Մասնավորապես, հարցված ուսանողների 2/3-ը իր մտերիմ ընկերոջը խորհուրդ կտար, որպեսզի վերջինս սովորեր ՇՊՀ-ում, 82․3%-ը գոհ է բուհի էլեկտրոնային ուսուցման հարթակից, իսկ այլ ֆակուլտետ տեղափոխվելու ցանկություն ունի ուսանողների լոկ 8․7%-ը։ Հարկ ենք համարում նշել, որ ֆակուլտետը փոխելու ցանկություն են ունեցել հիմնականում «Սոցիալական գիտությունների և իրավունքի» և «Մանկավարժության» ֆակուլտետի ուսանողները, իսկ հարցված բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի ուսանողներից ֆակուլտետը փոխելու ցանկություն է ունեցել ընդամենը 3 ուսանող։ Հարցման ժամանակ հարթակից դժգոհ մասնակիցներին խնդրել ենք նշել, թե ինչու են դժգոհ բուհի էլեկտրոնային ուսուցման հարթակից։ Հարցման մասնակիցներից մեկի կարծիքով առկա տեղեկատվությունը բավականաչափ հին է և թարմացնելու կարիք կա, իսկ մեկ այլ մասնակցի պնդմամբ՝ հարթակը հարմար չէ օգտագործման համար։ Սակայն մի շարք ուսանողներ գրել են հարթակի հետ անմիջականորեն կապ չունեցող մեկնաբանություններ, որոնք հարկ ենք համարել վերաշարադրել։ Այսպես, հարցման մասնակիցներից մեկի պնդմամբ բուհում առկա են մասնագիտություններ, սակայն համապատասխան կադրեր չկան դասավանդումն իրականացնելու համար։ Խոսքը վերաբերում է «Հատուկ մանկավարժություն» և «Լոգոպեդիա» առարկաներին։ Դասերն իրականում են առցանց տարբերակով՝ ոչ բոլորին հարմար ժամերի։ Հարցման մեկ այլ մասնակից էլ ուշագրավ մեկնաբանություն է արել բուհի ուսումնական գործընթացի վերաբերյալ։ Մասնավորապես, ըստ ՇՊՀ ուսանողի ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ ապահովված համալսարանում, համապատասխան մասնագիտության դասավանդման և ուսումնասիրման համար չեն տրամադրվում համակարգչային լսարաններ, որտեղ ուսանողները կսովորեն ծրագրեր, որոնք առնչություն ունեն իրենց ընտրած ապագա մասնագիտության հետ։ Ավելացնենք նաև, որ մեծ չէ նաև բուհում իրականացվող միջոցառումներում մասնակցելու ցանկություն ունեցող ուսանողների թիվը։ ՇՊՀ հարցված ուսանողների միայն կեսն է ցանկանում մասնակցել բուհում անցկացվող միջոցառումներին, մինչդեռ մյուս կեսը՝ այդպիսի ցանկություն չունի։
Այժմ տեսնենք, թե որքանով են ուսանողները տեղեկացված ՇՊՀ-ի գործունեության վերաբերյալ։
Աղյուսակ 5․ ուսանողների տեղեկացվածությունը ՇՊՀ ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ և վերջինիս նկատմամբ ունեցած հետաքրքրվածությունը
Աղյուսակ 5-ից երևում է, որ հարցված ՇՊՀ ուսանողների զգալի մասը իրենց բուհի ստորաբաժանումների վերաբերյալ տեղեկացված չեն իրենց բուհի առանձին ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ և առանձնապես տեղեկացված էլ չեն։ Միտումն այնպիսին է, որ եթե ուսանողների զգալի մասը հետաքրքրված է առանձին ստորաբաժանման (օրինակ՝ ֆակուլտետի) գործունեությամբ, ուրեմն գրեթե նույնչափ էլ հետաքրքրված և հակառակը, եթե հարցված ուսանողների մի ստվար հատվածը նշել է, որ տեղեկացված չէ (օրինակ՝ հոգաբարձուների խորհուրդ) գործունեության վերաբերյալ, ապա առանձնապես հետաքրքրված էլ չէ։ Գրեթե բոլոր ստորաբաժանումների պարագայում ուսանողները վերջիններիս գործունեությամբ տեղեկացված են այնքանով որքանով հետաքրքրված են վերջինիս գործունեությամբ։ Հավանաբար, մասնակի բացառությունների շարքին կարելի է դասել հոգաբարձուների խորհուրդը և արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն, որոնց գործունեությամբ հետաքրքրվողների տեսակարար կշիռն որոշակիորեն ավելի է, քան վերջինիս գործունեության վերաբերյալ տեղեկացվածների տեսակարար կշիռը։ Հավելենք, որ գրեթե բոլոր ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ ուսանողների շուրջ 1/3-ը որոշ չափով է տեղեկացված։ Մասնավորապես, հոգաբարձուների խորհրդի գործունեության վերաբերյալ տեղեկացված է հարցվածների 22․6%-ը, մինչդեռ հետաքրքրվածների տեսակարար կշիռը 34․2% է, իսկ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի գործունեության վերաբերյալ տեղեկացված է հարցված ուսանողների 27%-ը, մինչդեռ վերջինիս գործունեությամբ հետաքրքրված է հարցված ուսանողների 44․9%-ը։ Հատկանշական է, որ ուսանողները ամենաքիչը տեղեկացված են կառավարման բարձրագույն օղակի՝ հոգաբարձուների խորհրդի գործունեության վերաբերյալ և առանձնապես հետաքրքրված էլ չեն վերջինիս գործունեությամբ։ Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի գործունեության վերաբերյալ հավելյալ հետաքրքրվածությունը, հավանաբար, պայմանավորված է ուսանողների միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերին մասնակցելու ցանկությամբ։
Աղյուսակ 5-ից պարզ է դառնում, որ հարցված ուսանողները ամենաշատը տեղեկացված են իրենց ֆակուլտետների գործունեության վերաբերյալ և հենց ֆակուլտետների գործունեությամբ էլ ամենաշատը հետաքրքրված են։ Մնացյալ կառույցների ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ ուսանողները ավելի քիչ են տեղեկացված։ Ընդ որում, ֆակուլտետը ՇՊՀ միակ ստորաբաժանումն է, որի գործունեության վերաբերյալ հարցված ուսանողների կեսից ավելին լիովին տեղեկացված է։ Ֆակուլտետներին հաջորդում է ռեկտորը, որի գործունեության վերաբերյալ տեղեկացված է հարցված ուսանողների 82․1%-ը, իսկ հետաքրքրված է 80.6%-ը։ Ֆակուլտետից և ռեկտորից հետո առանձին ստորաբաժանումներից ուսանողները ամենաշատը տեղեկացված են ՇՊՀ հետևյալ ստորաբաժանումների գործունեությունից՝ գրադարան, ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ կենտրոն (50․7%), ուսանողական խորհուրդը (48.4%), ուսումնական գործընթացի կառավարման կենտրոն (36.8%), ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին (31․3%), ուսանողական գիտական ընկերություն (31․6%), գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն (31.3%), արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն (27%), գիտական խորհուրդ (24.6%) և հոգաբարձուների խորհուրդ (22.6%): Այսպիսով, պարզ է դառնում, որ ուսանողների հարցված ուսանողների ¾-ը կամ տեղեկացված չէ կամ էլ որոշ չափով է տեղեկացված բուհի երկու ամենաբարձր կոլեգիալ մարմինների՝ հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի գործունեության վերաբերյալ։ Հավելենք, որ բուհի պաշտոնական կայքում առկա են տարբեր տարիների բուհի և՛ ֆակուլտետների, և՛ առանձին կենտրոնների հաշվետվությունները, ինչպես նաև ավագ դպրոցի և քոլեջի առանձին հաշվետվությունները։ Եկամուտների և ծախսերի նախահաշվի վերաբերյալ տեղեկատվությունը թարմացման կարիք ունի՝ բացակայում է վերջին 4 տարիների վերաբերյալ առկա տեղեկատվությունը։ Միևնույն ժամանակ, բուհի պաշտոնական կայքում հրապարակված չեն ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի, ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության հաշվետվությունները։
Այժմ տեսնենք, թե ըստ հարցված ուսանողների որքանով են արդյունավետ աշխատում ՇՊՀ առանձին ստորաբաժանումները։
Աղյուսակ 6․ 1-10 բալային սանդղակով խնդրում ենք գնահատել ՇՊՀ նշյալ ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը
Աղյուսակ 6-ում արտացոլված պատկերը վերահաստատում է նախորդ բոլոր աղյուսակներում վերլուծությունը։ ՇՊՀ մնացած այլ ստորաբաժանումների համեմատ հարցված ՇՊՀ ուսանողները ամենաշատը տեղեկացված և գոհ են իրենց ֆակուլտետի գործունեությունից։ Հարցված ուսանողների 53․3%-ը 1-10 միջակայքում 10 միավորով է գնահատել իր ֆակուլտետի գործունեության արդյունավետությունը։ Եթե միմյանց գումարենք 1-5 բալ գնահատած ուսանողների տեսակարար կշիռները (աղյուսակ 10-ում յուրաքանչյուր տողի դիմաց 2-6 սյուներում նշված տոկոսների գումարը), ապա կտեսնենք, որ առաջին երեք տեղերում են հոգաբարձուների խորհուրդը, գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնը և գիտական խորհուրդը։ Իսկ եթե միմյանց գումարենք 6 և ավելի բարձր միավորների տոկոսները, ապա, բնականաբար, առաջին տեղում ֆակուլտետն է, երկրորդում՝ գրադարան, ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ կենտրոնը, երրորդում՝ ուսանողական խորհուրդը։ Կարծում ենք, որ պատկերն ավելի հասկանալի կլինի, եթե հաշվարկենք, թե հարցված ուսանողները միջինում որքան միավորով են գնահատել ՇՊՀ վերոնշյալ ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը։
Գծապատկեր 2․ Ուսանողների ընկալմամբ միջինում ՇՊՀ ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը (1-10 բալով գնահատված)
Գծապատկեր 2-ից երևում է, որ ՇՊՀ հարցված ուսանողները բուհի գրեթե բոլոր ստորաբաժանումների գործունեությունը միջինում հավասարաչափ բարձր են գնահատել, բացառությամբ ֆակուլտետների, որոնց միջին միավորը՝ 8․69 հնարավոր 10 միավորից ամենաբարձրն է։ Ամենացածրը գնահատել են հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի գործունեության արդյունավետությունը՝ համապատասխանաբար 6․8 և 6․95։ ՇՊՀ ռեկտորի գործունեության արդյունավետությունը՝ միջինում 7․03, երրորդ ամենացածր ցուցանիշն է։ Ուսանողները ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության գործունեության արդյունավետությունը գրեթե հավասարաչափ են գնահատել՝ մի փոքր ավելի բարձր գնահատելով ուսանողական խորհրդի գործունեության արդյունավետությունը։ Հավելենք, որ ոչ մի ստորաբաժանման գործունեության արդյունավետություն 6․5-ից ցածր չի գնահատվել, իսկ ստորաբաժանումների մեծ մասի գործունեության արդյունավետությունը գնահատվել է 7 միավորից ավելի։
Եվ վերջապես, հարցված ուսանողներին խնդրել ենք նշել, թե բուհն ավարտելուց հետո կցանկանան արդյոք աշխատել բուհում թե ոչ։ «Ոչ» պատասխանողներին խնդրել էինք հակիրճ մանրամասնել թե ինչու։
Գծապատկեր 3․ ՇՊՀ-ն ավարտելուց հետո կցանկանա՞ք բուհում աշխատանքի անցնել։ Եթե այո, ապա խնդրում ենք հակիրճ մանրամասնեք, թե ինչու։
Ինչպես երևում է գծապատկեր 3-ից հարցվածների 66․4%-ը ցանկանում է բուհն ավարտելուց հետո աշխատել ՇՊՀ-ում, իսկ 33․6%-ը՝ չի ցանկանում։ Հատկանշական է, որ հավելյալ մեկնաբանություն էին թողել հիմնականում «այո» պատասխանողները։ Առավել հաճախ էին հանդիպում «սիրում եմ բուհը», «սիրում եմ դասավանդել» և «ծանոթ եմ բուհի միջավայրին» պատասխանները։ Ոչ պատասխանողներից ոմանք էլ նշել էին, որ պարզապես ցանկություն չունեն կամ էլ որ արդեն աշխատանք ունեն։
Եվ վերջապես, ներկայացնենք, թե ինչպես են ՇՊՀ-ի հարցված ուսանողները պատասխանել «Խնդրում ենք նշել երեք կարևորագույն բարեփոխումները, որոնց իրականացումը Ձեր կարծիքով առաջնային է ՇՊՀ-ի համար» հարցին։ Նախ նշենք, որ հարցման ոչ բոլոր մասնակիցներն են պատասխանել այս բաց հարցին, իսկ պատասխանողներից ոմանք էլ նշել են, որ պատասխան չունեն։ Այդուհանդերձ, խմբավորենք և ըստ հաճախականության նվազման կարգով ներկայացնենք ամենատարածված պատասխանները։
- Վարձավճարների նվազեցում
- Զեղչային համակարգին առավել մեծ ճկունության հաղորդում
- Բուհի բուֆետի վերաբացում
- Բուհի շենքային պայմանների և, հատկապես, լսարանների կահավորում ու բարեկարգում
- Համալսարանի տարածքի պատշաճ ջեռուցում
- Կրթության որակի բարձրացում
- Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի երիտասարդացում
Այսպիսով, հարցման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ հարցված ՇՊՀ ուսանողները, ընդհանուր առմամբ, գոհ են համալսարանում ուսումնագիտական գործերի դրվածքից։ Այդ է վկայում նաև այն հանգամանքը, որ ուսանողների շուրջ 66%-ը կցանկանար բուհն ավարտելուց հետո իր աշխատանքը բուհում շարունակել։ Դրանից զատ գոհ են նաև բուհի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության գործունեության արդյունավետությունից։ Միևնույն ժամանակ, հարցվածների մեծ մասը, թեպետ նշել է, որ ունի բուհի կառավարմանը առավել գործուն մասնակցելու ցանկություն, այնուամենայնիվ կնախընտրեր չմասնակցել բուհի կառավարմանը։ Հարցվածների մեծ մասը տեղեկացված չէ նաև բուհի առանձին ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ և առանձնապես հետաքրքրված էլ չէ։ Հատկապես ցածր է տեղեկացվածությունը բուհի կառավարման երկու կոլեգիալ բարձրագույն օղակներ՝ հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի գործունեության վերաբերյալ։ Նկատենք, սակայն, որ հարցված ուսանողները գոհ են իրենց ֆակուլտետներից և ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 90%-ը չունի ֆակուլտետը փոխելու ցանկություն, իսկ էլեկտրոնային հարթակից գոհ է հարցվածների ավելի քան 80%-ը։ Նշենք նաև, որ ուսանողները ամենաշատը հենց իրենց ֆակուլտետների գործունեության մասին են տեղեկացված և հետաքրքրված են վերջիններիս գործունեությամբ։ Ինչ վերաբերում է այլ ստորաբաժանումներին, ապա հարցված ուսանողները մեծամասամբ բարձր են գնահատել բոլոր ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը, խորհրդինը և գիտական խորհրդինը համեմատաբար ավելի ցածր են գնահատել։ Եվ վերջում ընդգծենք, որ հարցվածները էականորեն կարևորում են ՇՊՀ ենթակառուցվածքների և, հատկապես, լսարանների վերանորոգումն ու կահավորումը։
Դասախոսների հետ խորքային հարցազրույցների արդյունքների վերլուծություն
Ինչպես արդեն նշեցինք, ուսանողների ընկալումների հիմքում ընկած դրդապատճառների ու տրամաբանության վերաբերյալ խորքային հարցազրույցներ են անցկացվել ՇՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի 8 ներկայացուցիչների հետ։ Ստորև կներկայացնենք հարցազրույցների վերլուծությունը ըստ առանձին հարցերի։
Դասախոսների հետ խորքային հարցազրույցների արդյունքների վերլուծություն
Ինչպես արդեն նշեցինք, ուսանողների ընկալումների հիմքում ընկած դրդապատճառների ու տրամաբանության վերաբերյալ խորքային հարցազրույցներ են անցկացվել ՇՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի 8 ներկայացուցիչների հետ։ Ստորև կներկայացնենք հարցազրույցների վերլուծությունը ըստ առանձին հարցերի։
- Ի՞նչ եք կարծում, որն է պատճառը, որ ՇՊՀ ուսանողների սոսկ կեսն է բուհի տված կրթությունը որակյալ համարում։
Այս հարցի պատասխանները վերլուծելիս տպավորություն է ստեղծվում, որ ուսանողներն ու դասախոսները «բարիկադների տարբեր կողմերում են»։ Միայն մեկ դասախոս է նշել, որ միգուցե դասավանդման մեթոդներն ու ծրագրերն են թերի։ Երեք դասախոս էլ նշել է, որ ընկալումը շատ սուբյեկտիվ է և այդքանով սահմանափակվել, իսկ մեկը՝ նշել է, որ դրանք այն ուսանողներն են, որոնք համալսարան են գալիս ոչ թե սովորելու, այլ ժամանակ անցկացնելու համար։ Դասախոսներից մեկը, որ ընդարձակ պատասխան է տվել նշել է, որ իր դասավանդած խմբերում պատկերն այլ է և որ իրենք պարբերական քննարկումներ են ունենում ուսանողների, շրջանավարտների ու գործատուների հետ։ Վերջինիս կարծիքով կարևոր գործոն է ուսանողների մոտիվացիան։ Ըստ դասախոսի շատերը մասնագիտություն են ընտրում, առանց նախնական կողմնորոշումների և ինքնավերլուծության, երբեմն ակնկալում են, որ բուհը դպրոցական կրթության նման հանձնարարություն-պատասխան-գնահատում ամենօրյա գործընթաց է՝ չգիտակցելով ինքնակրթության կարևորությունն ընդհանուր զարգացվածության և մասնագիտական գիտելիքների ձեռքբերման հարցում: Մեկ այլ դասախոսի կարծիքով այստեղ կա և՛ ուսանողի և՛ դասախոսի գործոնը։ Կարևոր է, որ ուսանողները ունենան սովորելու, պրպտելու ձգտում, լինեն բաց ցանկացած նոր ինֆորմացիայի առաջ։ Դասախոսներն էլ իրենց հերթին պետք է կարողանան դասն անցկացնել նորարարական մեթոդներով։ Հետաքրքիր պատասխան է տվել դասախոսներից մեկը։ Վերջինս ուսանողների ընկալումը բաժանել է 2 մասի՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ։ Ըստ դասախոսի պատասխանի սուբյեկտիվ կողմն այն է, որ ուսանողներից ոչ բոլորն են ի զորու օբյեկտիվ գնահատել դասախոսին և վերջինս տված գիտելիքները։ Մինչդեռ, ըստ դասախոսի հարցված ուսանողների կեսի պատասխանի հիմքում ընկած են նաև օբյեկտիվ գործոններ։ ՇՊՀ-ն չի իրականացնում գիտահետազոտական կրթություն։ Բուհում կրթությունը վերարտադրողական է։ Բացի այդ, չկա մրցակցություն, պայմանավորված աշխատավարձերի ցածր՝ անգամ նսեմացուցիչ չափաքանակով պայմանավորված, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմի որոշ մասն ունի մասնագիտական վերապատրաստումների կարիք, որը ևս, ըստ հարցվողի, հնարավոր կլինի կարգավորել դասախոսի աշխատավարձի բարձրացման արդյունքում։ Այս առումով ցանկանում ենք նշել, որ դասախոսի կարծիքը կիսում է նաև բուհը։ Մասնավորապես՝ գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի 2019-2020 ուստարվա գործունեության հաշվետվության մեջ զետեղված SWOT վերլուծության մեջ ուսանողների ոչ բավարար մասնակցությունը գիտահետազոտական գործունեությանը, ինչպես նաև ուսանողների գիտահետազոտական գործունեության ծավալման խրախուսման մեխանիզմների ներդրված չլինելը ներկայացված է որպես բուհի թույլ կողմ։
- Ո՞րն է պատճառը, որ ուսանողների ընդամենը 40%-ն է կարծում, որ բուհը կառավարվում է թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների հիման վրա։
Այս հարցին հարցված դասախոսների մի մասը պատասխանել է, որ «մեղավորը» ուսանողներն են, որ այդ թափանցիկությունն ու հաշվետվողականությունը չեն տեսնում, կամ էլ տեղեկատվության ստացման մեթոդներին չի տիրապետում։ Դասախոսներից մեկի կարծիքով ուսանողների ընկալման հիմքում ընկած է թափուր աշխատատեղերի բաց մրցույթների բացակայությունը, մյուսի կարծիքով՝ առկա տեղեկատվության և հաշվետվողականության պակասը։ Վերջինս ուսանողների հետ կապն ամրապնդելու և ուսանողների իրազեկվածությունը բարձրացնելու համար առաջարկում է վերականգնել կուրսղեկի ինստիտուտը։
- Հարցմանը մասնակից ուսանողների 66%-ը նշել է, որ կցանկանար մասնակցել բուհի բարեփոխումների գործընթացին, սակայն կառավարմանը գործուն մասնակցելու ցանկություն ունի սոսկ 40%-ը, իսկ հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին՝ ընդամենը մոտ 27%-ը։ Ի՞նչ եք կարծում ինչու՞ է ուսանողների մեծ մասը խուսանավում բուհի կառավարմանը մասնակցելուց։
Այս հարցի վերաբերյալ դասախոսների կարծիքը տարբեր է եղել։ Մի մասի պնդմամբ ուսանողները պարզապես ցանկություն չունեն և բացի այդ էլ գիտակցում են պատասխանատվության աստիճանը և չեն ուզում այդպիսի պատասխանատվություն կրել։ Մինչդեռ մյուս մասի կարծիքով պատճառը գուցե այն է, որ ՇՊՀ ուսանողները հիասթափված են և իրենց ձայնը լսելի չեն համարում։ Դասախոսներից մեկն առաջարկեց պարբերաբար հանդիպումներ անցկացնել բուհի ռեկտորի և պրոռեկտորների հետ։ Եվ, վերջապես, դասախոսներից մեկի պնդմամբ ուսանողներն ուղղորդվում են որոշ անհատների կողմից, այդ իսկ պատճառով չեն ցանկանում մասնակցել կառավարմանը գործընթացին՝ երկնչելով արտահայտել իրենց կարծիքը։ Դասախոսն այլ մանրամասներ չի ներկայացրել։
4- ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» Հիմնադրամ Հաշվետվություն Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի 2019-2020 ուստարվա գործունեության, էջ 113։
- Հարցմանը մասնակից ուսանողների միայն շուրջ 25%-ն է ուսումնասիրում բուհի պարբերական հաշվետվությունները, իսկ կառուցվածքային առանձին ստորաբաժանումների հաշվետվությունները՝ ընդամենը շուրջ 14%-ը։ Ձեր կարծիքով, որն է այսպիսի անտարբերության պատճառը։ Արդյո՞ք հաշվետվությունների աուդիովիզուալ եղանակով մատուցումը կարող է էականորեն ավելի մեծացնել ուսանողների հետաքրքրվածությունը։
Հարցազրույցի համաձայնություն տված ութ դասախոսներից վեցը նշել են, որ աուդիովիզուալ հաշվետվություններն էականորեն կբարձրացնեն ուսանողների տեղեկացվածությունը։ Սակայն, հաշվետվություններն ուսումնասիրելու մոտիվացվածության պակասի մասին դասախոսները գրեթե կարծիք չեն հայտնել։ Դասախոսներից մեկը միայն նշել է, որ պատճառն ուսանողների՝ սոցիումում ունեցած փորձի և առհասարակ հետաքրքրվածության պակասն է, որը պետք է լրացնել ուսանողների հետ դասախոսների էլ ավելի ինտենսիվ աշխատանքով։ Եվ վերջապես, մեկ այլ դասախոս էլ առաջարկում էր աուդիովիզուալ հաշվետվություններից զատ մեծացնել ուսանողների մասնակցությունը բուհի դրամաշնորհային գիտական ծրագրերին, որպեսզի վերջիններիս մոտ ավելանա բուհի գործունեության հանդեպ հետաքրքրվածությունը։ Դասախոսի կարծիքով բուհում անցկացվող գիտաժողովների և ուսանողների՝ գիտական ծրագրերում ընդգրկվածության մակարդակը բավարար չէ, այդ իսկ պատճառով էլ վերջիններիս հետաքրքրված չեն բուհի և իր կառուցվածքային ստորաբաժանումների պարբերական հաշվետվությունների ընթերցանությամբ։
- Հարցմանը մասնակից ուսանողների մի ստվար հատվածը տեղեկացված չէ բուհի առանձին ստորաբաժանումների գործունեությունից, բացառությամբ իրենց ֆակուլտետների կողմից ծավալվող գործունեությանը և առանձնապես հետաքրքրված էլ չէ։ Ի՞նչ եք կարծում, որն է պատճառը։
Այս հարցին դասախոսների մի մասը պատասխանել է, որ պատճառը ուսանողների՝ իրազեկված լինելու մոտիվացվածության բացակայությամբ է պայմանավորված, իսկ մյուս մասը՝ մատնանշել է տեղեկատվության փոխանցման եղանակների անկատարությունը։ Հարցազրույց տված ութ դասախոսներ մեծ մասն առաջարկել է հաճախակի դարձնել ուսանողների և ստորաբաժանումների հանդիպումները, իսկ մի մասն էլ առաջարկել է ուսանողներին ներգրավել իրենց ծրագրերի մշակման գործընթացում, որպեսզի վերջիններս լինեն առավել ուսանողակենտրոն։
Եվ վերջում դասախոսներին խնդրել ենք իրենց տեսակետն արտահայտել հարցված ուսանողների 67%-ի՝ բուհում հետագայում աշխատանքը շարունակելու ցանկության վերաբերյալ։ Դասախոսների մեծ մասը նշել է, որ բուհում աշխատավարձերը չափազանց ցածր են։ Դասախոսներից մեկի կարծիքով լավագույն ուսանողները միշտ էլ ձգտում են մնալ բուհում և դասախոսել իսկ դասախոսներն էլ ջանում են բուհում «պահել» այդպիսի հեռանկարային ուսանողների, մինչդեռ մեկ այլ դասախոս համամիտ չէր այդ տեսակետի հետ՝ նշելով, որ լավագույն ուսանողները նախընտրում են գնալ արտերկիր, կամ էլ բարձր վարձատրվող աշխատանք են փնտրում։ Նշվեց նաև, որ մի շարք մասնագիտությունների գծով ՇՊՀ-ում չկան հետբուհական ծրագրեր։ Ըստ մասնագետի անհրաժեշտ է այլ բուհերից մասնագետներ հրավիրել և ձգտել ստեղծել ու կայացնել գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդներ առանձին մասնագիտությունների գծով, որպեսզի ավելի մեծ թվով ուսանողներ հետագայում բուհում աշխատանքի անցնելու հնարավորություն ունենան։
Եզրակացություններ և առաջարկություններ
Սույն հետազոտության շրջանակներում իրականացված վերլուծության արդյունքների հիման վրա հանգել ենք հետևյալ եզրակացությունների․
- ՇՊՀ ուսանողների համար բուհի ընտրության հարցում, ըստ առաջնահերթության, կարևոր են եղել հետևյալ գործոնները՝ կրթության որակը, ֆակուլտետին և վերջինիս կողմից առաջարկվող կրթական ծրագրերը, բուհի հեղինակությունը, բուհի միջազգային համագործակցության շրջանակներում ուսանողներին ընձեռնվող հնարավորությունները, գործատուների շրջանում բուհի ունեցած հեղինակությունը, բուհի շրջանավարտների՝ կարիերայում գրանցած հաջողությունները, բուհի գիտահետազոտական աշխատանքներում ուսանողների մասնակցության հնարավորությունը, վարձավճարը, աշխարհագրական հեռավորությունը բնակավայրից, բուհում անցկացվող ժամանցային, մշակութային և սպորտային միջոցառումները, բուհում անցկացվող ակադեմիական միջոցառումները, ուսանողական գիտական ընկերությունը և վերջինիս ծավալած գործունեությունը, ուսանողական խորհուրդը և վերջինիս ծավալած գործունեությունը, ավագ դպրոցը և քոլեջը։
- Հարցված ՇՊՀ ուսանողները առավել բավարարված են բուհի տված կրթության որակից, քան կառավարման թափանցիկությունից և հաշվետվողականությունից։
- Հարցված ՇՊՀ ուսանողների շուրջ 1/4-ը համաձայն չէ այն պնդման հետ, որ բուհում, ժամանակի ընթացքում, դասավանդման մեթոդները առավել ժամանակակից են դառնում, 27․2%-ը որոշ չափով է համաձայն և 50%-ը չի գերազանցում հարցված ուսանողների թիվը, որոնց կարծիքով ՇՊՀ-ում դասավանդման մեթոդները առավել ժամանակակից են դառնում։
- ՇՊՀ հարցված ուսանողների մոտ 66%-ը ցանկանում է մասնակցություն ունենալ բուհի բարեփոխումների գործընթացում, սակայն ընդամենը 40%-ն է ցանկանում գործուն մասնակցություն ունենալ բուհի կառավարմանը։
- ՇՊՀ հարցված ուսանողները մեծամասամբ գոհ են իրենց ֆակուլտետներից և ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 90%-ը չունի ֆակուլտետը փոխելու ցանկություն, իսկ էլեկտրոնային հարթակից գոհ է հարցվածների ավելի քան 80%-ը։
- ՇՊՀ գրեթե բոլոր ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ հարցված ուսանողների շուրջ 1/3-ը որոշ չափով է տեղեկացված։
- ՇՊՀ հարցված ուսանողները ամենաշատը հենց իրենց ֆակուլտետների գործունեության մասին են տեղեկացված և հետաքրքրված են վերջիններիս գործունեությամբ։ Ֆակուլտետներին հաջորդում է ռեկտորը, որի գործունեության վերաբերյալ տեղեկացված է հարցված ուսանողների 82․1%-ը, իսկ հետաքրքրված է 80.6%-ը։ Ֆակուլտետից և ռեկտորից հետո առանձին ստորաբաժանումներից ուսանողները ամենաշատը տեղեկացված են ՇՊՀ հետևյալ ստորաբաժանումների գործունեությունից՝ գրադարան, ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ կենտրոն (50․7%), ուսանողական խորհուրդը (48.4%), ուսումնական գործընթացի կառավարման կենտրոն (36.8%), ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին (31․3%), ուսանողական գիտական ընկերություն (31․6%), գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն (31.3%), արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն (27%), գիտական խորհուրդ (24.6%) և հոգաբարձուների խորհուրդ (22.6%):
- ՇՊՀ հարցված ուսանողները բուհի գրեթե բոլոր ստորաբաժանումների գործունեությունը միջինում հավասարաչափ բարձր են գնահատել, բացառությամբ ֆակուլտետների, որոնց միջին միավորը՝ 8․69 հնարավոր 10 միավորից ամենաբարձրն է։ Ամենացածրը գնահատել են հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի գործունեության արդյունավետությունը՝ համապատասխանաբար 6․8 և 6․95։ ՇՊՀ ռեկտորի գործունեության արդյունավետությունը՝ միջինում 7․03, երրորդ ամենացածր ցուցանիշն է։
- Հարցված ուսանողները ՇՊՀ հնարավոր բարեփոխումների շրջանակում առավել հաճախ նշել են հետևյալ խնդիրների լուծումը․ վարձավճարների նվազեցում, զեղչային համակարգին առավել մեծ ճկունության հաղորդում, բուհի բուֆետի վերաբացում․ բուհի շենքային պայմանների և, հատկապես, լսարանների կահավորում ու բարեկարգում, համալսարանի տարածքի պատշաճ ջեռուցում, կրթության որակի բարձրացում և բուհի պրոֆեսորադասախոսական կազմի երիտասարդացում։
- Հարցված դասախոսները կարևորել են ուսանողների՝ բուհի գործունեության մեջ առավել լայն ընդգրկման հեռանկարները, ինչպես նաև բուհի և իր առանձին ստորաբաժանումների հաշվետվությունները նաև աուդիովիզուալ եղանակով ներկայացնելը։ Դասախոսները նաև կարևորել են իրենց պնդմամբ ցածր աշխատավարձերի բարձրացումն ու թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունների հրապարակումը։ Ընդգծվել է նաև բուհի գիտահետազոտական ծրագրերում ուսանողների ոչ բավարար մասնակցությունը։
Հիմք ընդունելով վերոնշյալ եզրակացությունները առաջարկում ենք․
- Բուհի ռազմավարական զարգացման փաստաթղթերում և դրանից բխող գործողությունների ծրագրերում հստակ նախանշել գործողությունների այն համախումբը, որը պետք է միտված լինի դասավանդման ժամանակակից մեթոդների ներդրմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների արդիականացմանը, իսկ հաշվետվություններում հստակ ներկայացնել, թե հաշվետու ժամանակաշրջանում համալսարանը ինչ միջոցներ է ձեռնարկել կրթությունն առավել ժամանակակից դարձնելու և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։
- Բուհի գիտահետազոտական ծրագրերում ուսանողների առավել ակտիվ ներգրավում։ Այդ նպատակով առաջարկում ենք բուհի համապատասխան փաստաթղթերում ուսանողների՝ հետազոտական ծրագրերում ընդգծվածության նվազագույն տոկոսային շեմի սահմանում։
- Հատկապես ուսանողներին վերաբերող ծրագրեր մշակելիս բուհի առանձին ստորաբաժանումների սերտ համագործակցություն ուսանողների կողմից ընտրված մարմնի՝ ուսանողական խորհրդի հետ։ Մասնավորապես, առաջարկում ենք բուհի և առանձին ստորաբաժանումների ծրագրերի մշակման աշխատանքներում կամավորության սկզբունքով և խորհրդակցական ձայնի իրավունքով ներառել նաև շահագրգիռ ուսանողներին։
- Բուհի առանձին ստորաբաժանումների և մասնավորապես՝ ռեկտորի, գիտական խորհրդի և հնարավորության դեպքում նաև հոգաբարձուների խորհրդի պարբերական հանդիպումներ ոչ միայն կոլեգիալ մարմիններում ընդգրկված ուսանողների, այլև բոլոր ցանկացող և շահագրգիռ ուսանողների հետ՝ ներկայացնելով բուհում առկա խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ սեփական տեսլականը։
- Բուհի և վերջինիս առանձին ստորաբաժանումների հաշվետվությունները ներկայացնել նաև աուդիովիզուալ տարբերակով։
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
Հավելված 1․ Ուսանողների շրջանում անցկացված անանուն հարցման հարցաշար
- Խնդրում ենք նշեք Ձեր սեռը։
- Արական
- Իգական
- Խնդրում եմ նշել, թե որ կրթական աստիճանում եք ուսումնառում։
- Բակալավրիատ
- Մագիստրատուրա
- Ասպիրանտուրա
- Խնդրում ենք նշել Ձեր կրթաձևը։
- Առկա
- Հեռակա
- Խնդրում ենք նշել Ձեր ֆակուլտետը։
- Խնդրում ենք նշել, թե որքանով էին կարևոր նշյալ գործոնները Ձեզ համար ՇՊՀ-ն ընտրելիս։
6. Խնդրում ենք նշեք, թե որքանո՞վ եք համաձայն նշյալ պնդումներից յուրաքանչյուրի հետ։
7. Խնդրում ենք նշել «Այո», եթե պնդման հետ համաձայն եք և «Ոչ» եթե համաձայն չեք։
8. Գոհ եք բուհի էլեկտրոնային ուսուցման հարթակից։ Եթե ոչ, ապա խնդրում ենք հակիրճ մանրամասնեք թե ինչու։
- Այո
- Ոչ
9. Խնդրում ենք նշեք, թե որքանով եք տեղեկացված բուհի ներքոնշյալ ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ։
10. Խնդրում ենք նշեք, թե որքանով է Ձեզ հետաքրքրում բուհի ներքոնշյալ ստորաբաժանումների գործունեությունը։
11. 1-10 բալային սանդղակով խնդրում ենք գնահատել ՇՊՀ նշյալ ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը։
12. ՇՊՀ-ն ավարտելուց հետո կցանկանա՞ք բուհում աշխատանքի անցնել։ Եթե այո, ապա խնդրում ենք հակիրճ մանրամասնեք, թե ինչու։
- Այո
- Ոչ
13. Խնդրում ենք նշել երեք կարևորագույն բարեփոխումները, որոնց իրականացումը Ձեր կարծիքով առաջնային է ՇՊՀ-ի համար։
Հավելված 2․ ՇՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցչների հետ իրականացված խորքային հարցազրույցների հարցաշար։
- Ի՞նչ եք կարծում, որն է պատճառը, որ ՇՊՀ ուսանողների սոսկ կեսն է բուհի տված կրթությունը որակյալ համարում,
- Ո՞րն է պատճառը, որ ուսանողների ընդամենը 40%-ն է կարծում, որ բուհը կառավարվում է թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների հիման վրա։
- Հարցմանը մասնակից ուսանողների 66%-ը նշել է, որ կցանկանար մասնակցել բուհի բարեփոխումների գործընթացին, սակայն կառավարմանը գործուն մասնակցելու ցանկություն ունի սոսկ 40%-ը, իսկ հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին՝ ընդամենը մոտ , իսկ հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին՝ ընդամենը մոտ 27%-ը։ Ի՞նչ եք կարծում ինչու՞ է ուսանողների մեծ մասը խուսանավում բուհի կառավարմանը մասնակցելուց։
- Հարցմանը մասնակից ուսանողների միայն շուրջ 25%-ն է ուսումնասիրում բուհի պարբերական հաշվետվությունները, իսկ կառուցվածքային առանձին ստորաբաժանումների հաշվետվությունները՝ ընդամենը շուրջ 14%-ը։ Ձեր կարծիքով, որն է այսպիսի անտարբերության պատճառը։ Արդյո՞ք հաշվետվությունների աուդիովիզուալ եղանակով մատուցումը կարող է էականորեն ավելի մեծացնել ուսանողների հետաքրքրվածությունը։
- Հարցմանը մասնակից ուսանողների մի ստվար հատվածը տեղեկացված չէ բուհի առանձին ստորաբաժանումների գործունեությունից, բացառությամբ իրենց ֆակուլտետներ կողմից ծավալվող գործունեությանը և առանձնապես հետաքրքրված էլ չէ։ Ի՞նչ եք կարծում, որն է պատճառը։
- Հարցմանը մասնակից ուսանողների շուրջ 67%-ը նշել է, որ բուհն ավարտելուց հետո ցանկանում է բուհում աշխատել։ Ըստ Ձեզ ո՞րն է պատճառը։
Հետազոտությունն իրականացրած փորձագետներ՝ ՝ Ալբերտ Հայրապետյան, Գևորգ Ղուկասյան
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» էլեկտրոնային գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում