«Հզոր պետության հիմքը կիրթ և գիտակից քաղաքացին է», հենց այս կարգախոսով են առաջնորդվում բազմաթիվ ժողովրդավար ու զարգացած երկրներ, որոնք հասարակության տնտեսական, հոգևոր և սոցիալական առաջընթացի հիմնական միջոցը համարում են կրթությունը։ Քաղաքակիրթ պետությունները հսկայական միջոցներ են ներդնում կրթության ուղղությամբ՝ լավ գիտակցելով, որ այդ միջոցները ապագայում եռապատկված ետ են վերադարձվելու պետությանը։
Կրթության իրավունքը մարդու հիմնական իրավունքներից է, իսկ դրա իրականացումը մարդկանց միջև հավասարության, ազատության հասնելու միջոց։ Կրթության իրավունքը երաշխավորված է մի շարք միջազգային դաշնագրերում։ Այս ոլորտում որոշակի ձեռքբերում կարելի է համարել կրթության միջազգային չափանիշների և ստանդարտների սահմանումը, ըստ որի կարելի է ենթադրել, որ աշխարհի բոլոր պետություններում էլ կրթությունը պետք է հետապնդի միևնույն նպատակները, որոնք պետք է համադրեն քաղաքակրթության համամարդկային արժեքները ազգայինի հետ։
Կրթության առաքելությունն է ոչ միայն ձևավորել ազատ և պատասխանատու քաղաքացի , ապահովել նրա՝ որպես անհատի ձևավորումն ու զարգացումը, այլև նպաստել անձի՝ որպես հանրության անդամի կայացմանը և մասնագիտացմանը։
ՀՀ Սահմանադրությունը հռչակում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Կրթության իրավունքը մարդու իրավունքն է՝ ստանալու որոշակի գիտելիքներ, մշակույթային դաստիարակություն և մասնագիտական կողմնորոշում՝ ժամանակակից հասարակության բնականոն կենսագործունեության համար։ Ինչ վերաբերվում է քաղաքացիների կոնկրետ կրթության իրավունքին, ապա դրա տակ հասկացվում է քաղաքացու կողմից որոշակի կրթական մակարդակի (ցենզի) ձեռքբերում և հաստատում, որը հավաստագրվում է համապատասխան փաստաթղթով։
Անձի համար կրթությունը ներքին պահանջ է, զարգացման ձգտում, մղում՝ լրացնելու ինտելեկտուալ բացը, անձնային աճի երաշխիք, հասարակության համար՝ սոցիալական զարգացման հզոր գործոն, իսկ քաղաքակրթության համար՝ քաղաքակրթական նվաճում։
Այնուհանդերձ լավ գիտակցելով կրթության դերը, նշանակությունը որպես պետության ամրապնդման կարևորագույն գործոնի, դեռևս ՀՀ-ում կան մի խումբ չլուծված խնդիրներ՝ այդ թվում կրթության ոլորտում, դրանցից մեկը՝ գրադարանների բացակայությունն է մի շարք գյուղերում։
Այս խնդրի լուծման մեկնարկը մեր թիմը տվել է Լոռվա գյուղերից մեկում՝ Լեռնանցքում։
«Ռեստարտ Հայաստան» եռօրյա ճամբարի ընթացքում ձևավորված Լոռու մարզի առաջին համայնքային նախաձեռնությունը Լեռնանցք գյուղի համար գրադարան բացելն էր։ Աշխատանքները դժվար էին ընթանում, բայց հաճելի։
Քննարկումներ ունեցանք նաև համայնքապետի հետ, ով պատրաստակամություն հայտնեց աջակցել մեզ՝ տարածքի և կահավորման տրամադրմամբ։ Իրենց օգնությունը առաջարկեցին որոշ մարզային գրադարաններ։
Եվ այսպիսով հավաքագրելով անհրաժեշտ քանակի գրքեր մեր թիմը պատրաստվում է բացել գրադարանը։ Հուսով ենք մեր օրինակը վարակիչ կլինի և մեզ կընդօրինակեն շատերը ու մի օր գրադարաններ կբացվեն ամբողջ երկրով։
Սա վառ օրինակ է, որ ամենաանմատչելի, բարդ թվացող գաղափարն անգամ իրագործելի է, եթե նպատակը բարձր է դրված։
More Stories
«Վիզուալիզացնելով կոռուպցիան» գրքույկ
«Վիդեոհոլովակների մրցույթ»-ի ամփոփում
Ժամանակակից արվեստագետները ՀՀ-ում և աշխարհում